«Մոտ 15-20 զինվորականներ շատ ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում սահմանին անմիջապես մոտ՝ Կիրանցի նախկին խանութների տեղում, ներքեւում՝ գետի ափին, լճի հարակից տարածքներում»,- «Հրապարակ»-ին պատմեց Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը՝ հավելելով, որ տրամադրությունները գյուղում լարված են՝ պայմանավորված այս աշխատանքներով։ Մարդիկ, նրա խոսքով, հույս էլ չունեն, որ եթե պատերազմ լինի, իրենց պաշտպանելու են՝ հաշվի առնելով, թե իշխանությունը որքան անատամ է։ Ըստ մեր զրուցակցի՝ երեւում է, որ ադրբեջանական կողմը Տավուշի այդ հատվածում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ու, ինչպես մեր զրուցակիցն է կարծում, պատրաստվում է հնարավոր պատերազմին։ «Պատերազմի է պատրաստվում, բայց ոչ այս հատվածում, այստեղ ամրացնում են, դեռ 1-1,5 ամիս առաջ էլ ականապատում էին այդ տարածքները, դժվար թե այդտեղից իրենք փորձեն հարձակվել։ Հավանաբար, հարավային ուղղությամբ՝ այսպես կոչված, միջանցքի համար են պատրաստվում, իսկ էստեղ իրենց թիկունքն են ամրացնում»,- ահազանգում է Կարեն Ղազարյանը։
Ինչպես մեր զրուցակիցն է փոխանցում, Տավուշի՝ Ադրբեջանին հանձնված հատվածներում զինտեխնիկայի կուտակում չկա, բայց մարդուժի քանակն ամեն օր ավելանում է, ու դա նկատելի է։ Կարեն Ղազարյանին լուրեր են հասել, որ Սյունիքի հատվածում էլ է ադրբեջանական կողմն ակտիվացել։
«Ես տեղեկացա, որ էնտեղ՝ սահմանին, զինտեխնիկայի կուտակում կա։ Խոսել եմ Կապանի հատվածում մեր ընկերների հետ, ովքեր տեսել են ու ասացին, որ, այո՛, զինտեխնիկայի կուտակում կա»,- պատմեց Կարեն Ղազարյանը։
Նախօրեին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է, խուսափել է պատասխանել ուղիղ հնչած հարցին, թե արդյո՞ք սահմանին կուտակումներ կան։
Քոչարյանը լղոզել է պատասխանը՝ իրեն բնորոշ ոճով գնահատականներ հնչեցրել հարցն ուղղած լրատվամիջոցի հասցեին եւ միայն նշել, թե Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն այդպիսի տեղեկատվություն չի տարածել։
Ապա հայտարարել է, թե Ադրբեջանն անհանգստացած է, որ Հայաստանի կառավարությունը եւ ԶՈՒ-ներն իրականացնում են միջոցառումներ, որոնք մի քանի մակարդակով բարձրացնում են մեր անվտանգությունը։ Ապա ասել է, թե Հայաստանն էլ անհանգստացած է, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել, ընդ որում՝ տարբեր երկրներից։
Նախիջեւանի հատվածում հնարավոր կուտակումների մասին տեղեկությունը «Հրապարակ»-ը փորձեց ճշտել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից, ում հեռախոսը, սակայն, անհասանելի էր։ Մեր զանգերին չարձագանքեց նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել